Լավ, ո՞վ կասի՝ ինչու չի բերում Մուկուչյանի բախտը, մարդը փետրվարի 6-ից հագած-կապած գնում է ԿԸՀ, որ դաշինք-դաշինք գան ու ներկայանան՝ եկող չկա: Փետրվարի 11-ն է, ու՝ չկա: Ու այնքան չի բերում Մուկուչյանի բախտը, որ դաշինք-դաշինք քանդվում են: «Ժառանգությունն» այլևս օրակարգում չէ, հիմա ու՞մ է հետաքրքրում, թե Զարուհի Փոստանջյանը մամուլով ի՞նչ է ասում իր կուսակիցներին, ի՞նչ պահանջներ է դնում՝ դաշինք չկազմեք, համագումար արեք, ու՝ կա «Ժառանգությունն» է, չկա՝ «Ժառանգությունն» է: Ի՞նչ է նրան պատասխանում Արմեն Մարտիրոսյանը: Ինչքա՞ն ու ինչպե՞ս է լռում Րաֆֆի Հովհաննիսյանը: Օրվա հերոսները նրանք չեն: Նրանք երեկ էին, այսօր օրակարգում ոչ թե չկայացած դաշինքների պատմությունն է, այլ՝ քանդվող:
ԲՀԿ-ն, օրինակ, համագումար արեց, բայց հուշագիր չստորագրեց: Պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել վախից: Չվերադառնար՝ քաղաքականությունից անվերադարձ հեռանալու էր Նաիրա Զոհրաբյանը: Ու ստիպված Գագիկ Ծառուկյանը վերադարձավ: Համագումարում մի կես ժամ խոսեց ամեն ինչի մասին: Պարզվեց՝ Արթուր Բաղդասարյանի հացն է կտրում: 2008-ից մինչև այսօր մենակ Արթուր Բաղդասարյանն էր պատմում, որ փրկել է պետությունը, ժողովրդին, ազգին արյունահեղությունից: Ինչ հարց տալիս էին, Արթուր Բաղդասարյանը պատասխանում էր չտված հարցին: Հիմա Գագիկ Ծառուկյանին ինչ հարցնում են, չեն հարցնում, պատմում է, որ 2015-ին ինքը բոլորին փրկեց արյունահեղությունից: Մնացածը նույնն է, ինչ միշտ ասել է: Իսկ կուսակիցները բացի հիացմունքից, նաև ծեծկռտուքի մեջ են հայտնվում: Պատկերացնո՞ւմ եք՝ ԲՀԿ-ի ցուցակում առաջին կինը լինի Իվետա Տոնոյանը: Ի՞նչ կանի Նաիրա Զոհրաբյանը: Կասի՝ «Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու՞ ենք: No pasaran!»: Կասի: Ոչ միայն: Ճիշտ եք՝ ինչ անում են մահապարտները: Նրանք թշնամուն խփում են: Իսկ տղամարդիկ բաժանում են: Թռան, սփյուռքյան կուսակցությունները թռան, «Միասնությունը» թռավ, առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մնաց Նուռը, մեկ էլ հեռանկարը: Հարվարդն ավարտելու:
Արամ Սարգսյանն էլ վերցրեց ՀԴԿ-ն ու թռավ Օսկանյան-Օհանյան անանուն դաշինքից: Համագումարով հաստատել էր մտնելը, ասուլիսով հաստատեց հեռանալը: Պարզվեց՝ դաշինք ձեւավորելու համար ՀԴԿ-ն ներկայացրել է 4 սկզբունքային դրույթ, որոնց շուրջ նախնական համաձայնության էին եկել, բայց պայմանավորվածությունները խախտվում են՝ չձեւավորվեց միասնական խորհուրդ, որի շրջանակներում պետք է կոնսեսուսային որոշումներ կայացվեին, չձևավորված խորհրդում չքննարկվեց դաշինքի ծրագիրը, ոչ էլ կազմը։ Խոսք էլ չկա։ Բոլորը կենտրոնացած են ցուցակների կազմման վրա, ինչը երկրորդական պետք է լիներ եւ սկզբունքային նշանակություն պետք է չունենար։ Ու ի՞նչ աներ իր ՀԴԿ-ով Արամ Սարգսյանը: Ճիշտ եք՝ այս պահին այլ դաշինքների հետ լուրջ բանակցություններ տարվում են՝ միասնական մասնակցելու համար: Ո՞ր դաշինքների: Մի հարցրեք՝ բանակցությունները հույժ գաղտնի են:
Հայրիկյանը մինչ այդ էր ազդարարել, որ հեռանում է, Վիկտոր Դալլաքյանն էլ իր «Երրորդ հանրապետությունը» կվերցնի ու երկուշաբթի կհեռանա, եթե, ճիշտ եք, իր ուզած տեղը չտան, ինչպես արեց ՀԴԿ-ով Արամ Սարգսյանը: Ու կմնա «Համախմբումը», անկուսակցական Սեյրան Օհանյանը, մեկ էլ Տիգրան Կարապետյանը: Ու ի՞նչ: Չէ, ոչինչ, Մուկուչյանն է մեղք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Ու չհարցենք, թե ի՞նչ է անում ՀՀԿ-ն, նրանց ցուցակն ինչ եղավ: Պարզ է, չէ՞, որ ՀՀԿ-ն դեռ գրում է «դաշինքների» ցուցակները, ժամանակ կա՞, որ իր գործով զբաղվի: ՀՀԿ-ն սիրում է, որ ընտրություններից առաջ ընտրությունների պատկերը պարզ լինի: Կա մի վերջին տարբերակ էլ՝ բոլոր թռածներին ու թռցրածներին հավաքել մի դաշինքում ու անվանել ՛՛Մարսելյեզ՛՛: Համենայն դեպս հիշեցնեմ առաջին տողը՝ ՛՛Սա է վերջին կռիվը մեր՛՛: